Երեւանի տիկնիկային թատրոնը Կրակովում

Հայ մշակութային ընկերությունը սրտանց հրավիրում է հայ երեխաներին իրենց ծնողների հետ Երեւանի տիկնիկային թատրոնի «Ու՞ր են կորել հերոսները» ներկայացմանը: Ներկայացումը պատրաստվել է հայկական լեգենդների հիման վրա եւ կկայանա ապրիլի 28-ին ժամը՝ 11.30 – ին Կրակովի Պոլիտեխնիկական համալսարանին կից թատրոնի բեմում (Կանոնիչա 1):

Մուտքն ազատ է:

«Լեհաhայեր. յոթհարյուրամյա ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Լեհաստանի Սենատում

2017 թ. սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել «Լեհաhայեր. յոթհարյուրամյա ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Գիտաժողովը կազմակերպվել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի Արվեստի և գիտության ակադեմիայի կողմից` Կրակովի Հայ մշակութային ընկերակցության նախաձեռնությամբ:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկան և Անդժեյ Ժիեմբան, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Ցեզարի Աննուսևիչը պարգևատրվել են «Gloria Artis» պետական հեղինակավոր շքանշաններով:
Ի թիվս այլոց գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև Հայ մշակութային ընկերության անդամներ դ-ր Յակուբ Օշեցկին և մգր Հռիփսիմե Մամիկոնյանը։

Կրակովում լեհահայ Մարկ Էմինովիչի անվամբ փողոց կլինի

Հայ մշակութային ընկերության ներկայացուցիչները` Քշիշտոֆ Ստեֆանովիչը, դ-ր հաբ. Անջեյ Ժիեմբան և դ-ր Հայկ Հովհաննիսյանը 2017 թ. օգոստոսի 30-ին մասնակցել են Կրակովի ավագանիների ժողովին, որտեղ պետք է քննվեր նաև Կրակովի փողոցներից մեկը լեգենդար մանկավարժ լեհահայ Մարկ Էմինովիչի անվամբ կոչելու հարցը։ Նման առաջարկ ներկայացվել էր Կրակովի քաղաքապետին հենց ՀՄԸ ղեկավարության կողմից։ ՀՄԸ ներկայացուցիչների գործադրած ջանքերի շնորհիվ 37:6 ձայների մեծամասնությամբ ընդունվել է այդ առաջարկը` ի հեճուկս դեմ հանդես եկողների։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հայագետ Անջեյ Ժիեմբային։

Հայկական ՎԱՐԴԱՎԱՌ Կրակովում (2017) – ՖՈՏՈԱԼԲՈՄ

2017 թ. հուլիսի 23-ին Կրակովից քիչ հեռու գտնվող Բրանդիսուվկա հանգստյան գոտում Հայ Մշակութային Ընկերության հովանավորությամբ և Հայկ Հովհաննիսյանի նախապատրաստական աշխատանքների շնորհիվ լեհահայ համայնքը տոնեց Վարդավառը:

Այս անգամ էլ մասնակիցների թիվը սպասվածից շատ ավելին էր։ Ներկա էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ կնոջ և աղջկա հետ։ Հյուրերի տրամադրության տակ էին 2 մեծ տաղավարներ, ճաշին մատուցվեց հայկական ավանդական խորոված, ամառային խորոված, լավաշ, գաթա և այլ խորտիկներ։ Այնուհետև, ներկաները պարեցին քոչարի, յարխուշտա և այլ հայկական ազգային պարեր, Դավիթ և Անրի Մուրադյանները միասին երգեցին հայկական ժողովրդական երգեր, Դոմբրովա Գուրնիչայից եկած հայուհի Նելլին շվի նվագեց, լեհուհի Զոֆիան՝ դուդուկ, իսկ Հռիփսիմե Մամիկոնյանը կազմակերպեց «աղջիկ փախցնոցի» և «գործնագործ» խաղերը, որոնց մասնակցեցին թե՛ փոքրերը, թե՛ մեծերը։

Երեկոյան խարույկից հետո մասնակիցները մեծ տպավորություններով վերադարձան իրենց տները՝ եկող տարվա Վարդավառի տոնը կրկին միասին նշելու պայմանավորվածությամբ։

Երկրորդ Հայկական Վարդավառը Լեհաստանում՝ Բենդկովսկու Հովտում

WardawarՀայ մշակութային ընկերությունը հրավիրում է համատեղ նշելու Վարդավառի տոնը, որն այս տարի հուլիսի 23-ին է (կիրակի)։ Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել Ձեր անուն ազգանունը և մասնակիցների թիվը մեր էլ. փոստին՝
otk@otk.org.pl

Անցյալ տարվա նման տոնը կնշենք Բենդկովսկու հովտում՝ «Բրանդիսուվկա» հանգստավայրում, հասցեն՝ 32-089 Բենդկովիցե, փող. Պոդ Սոկոլիցոմ 127։ Ճանապարհի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կան հետևյալ կայքում՝ http://dolinabedkowska.pl/kontakt/

Կարելի է նաև տեղ ամրագրել միկրոավտոբուսում, որը ժամը 11։15-ին բոլոր մասնակիցներին Յորդանի այգու մոտից (Կրակովյան Բլոնիայի կողմից) կտանի Բրանդիսուվկա և երեկոյան հետ կբերի Կրակով։ Միկրոավտոբուսի տոմսի արժեքը 10 զլոտի է, տոմսերի ամրագրումը միմիայն էլ. փոստի միջոցով։

Միջոցառումը կսկսվի ժամը 12։00-ին։ Մասնակիցների տրամադրության տակ են 2 մեծ տաղավարներ, որոնց կողքով հոսում է փոքրիկ, բայց վճիտ գետակ, որի ջուրը լավագույնս համապատասխանում է այս տոնի խորհուրդը կատարելուն՝ միմյանց վրա ջուր ցողելուն։ Ճաշին նախատեսված է հայկական ավանդական խորոված, ամառային խորոված, լավաշ, գաթա և այլ խորտիկներ։ Հյուրասիրության հովանավորը Հայ մշակութային ընկերությունն է, խորովածը կպատրաստվի տեղում Կրակովի Հայկական ռեստորանի կողմից։ Խմիչք կարելի է բերել՝ ով ինչ կցանկանա։ Կարելի է նաև տեղում գնել՝ «Բրանդիսուվկա» բարից։ Ցանկություն դեպքում կարելի է բերել սեփական պատրաստած ուտեստները/աղցանները՝ հայկական կամ լեհական։

Կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու հայկական «քոչարի» և «յարխուշտա» ազգային պարերի փորձերին-դասերին, ինչը սիրով կանցկացնի Հռիփսիմե Մամիկոնյանը։ Բացի դրանից կկազմակերպվեն ավանդական «աղջիկ փախցնոցի» և «գործնագործ» խաղերը, որոնց կարող են մասնակցել թե՛ փոքրերը թե՛ մեծերը։ Երեկոյան՝ խարույկ։

ՀՄԸ ղեկավար կազմ

Մանրամասների համար զանգահարել Հայկ Հովհաննիսյանին՝ 886-886-609 հեռախոսահամարով։

Պրոֆ. Քշիշտոֆ Ստոպկան պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով

Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, հայագետ Քշիշտոֆ Ստոպկան Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար սթ. մայիսի 31-ին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոցի» հուշամեդալով։

Պրոֆ. Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը ստորև.

1367Թ-Ի ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հայերը Լեհաստան են եկել շնորհիվ թագավոր Կազիմիր Մեծի: Հայերին Լվով բերելը կապված է եղել թագավորի տնտեսական քաղաքականության հետ, որի նպատակն էր լավագույնս տնօրինել պետությունը: Ռուսիան միավորելուց հետո, Կազիմիրը ցանկանում էր Լվովում հիմնադրել զարգացած քաղաքային կենտրոն` նպատակաուղղված արևելքի հետ առևտրով: Նա քաղաքի բնակեցման համար փնտրում էր բնակիչներ` մասնավորապես առևտրականների և արհեստագործների` անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիության: 1356թ-ի Լվովի կանոնադրության մեջ թագավորը խոստանում էր բնակեցման արտոնություններ ոչ միայն կաթոլիկներին, այլ նաև առաջնահերթ հայերին:

Հայերը այդ կոչին դրական արձագանքեցին` մեծ թվով գալով Լվով: Նրանց մեջ կային թե´ կաթոլիկներ, թե´ առաքելական եկեղեցու հետևորդներ: Եկվորները 1363թ-ին նոր կառուցվող քաղաքի պարիսպների մոտ հիմնեցին տաճար, ինչպես նաև հին Լվովի տարածքում Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման վանքը: Իրենց շահերի ներկայացման համար հայերին բարեհաճ վերաբերմունքի արժանացնող անձիք խնդրեցին միապետին թույլտվություն տալ Լվովում ունենալու հայ եպիսկոպոս: Թեկնածուն արդեն պատրաստ էր` անունը Գրիգոր:

Հայտնի չէ Գրիգորի ծագումը. միգուց նա Ղրիմից էր, քանի որ Լվովի հայերի մեծ մասը այնտեղից էր գալիս, կամ գուցե հայկական այլ սփյուռքից, հնարավոր է նաև Հայաստանից: Նրա անունը պատմական փաստաթղթերի մեջ ի հայտ է գալիս առաջին անգամ 1363թ-ին, երբ Կիլիկյայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսում նստավայր ունեցող կաթողիկոսը տվեց նրան եպիսկոպոսական ձեռնադրություն` նպատակ ունենալով ուղարկել նրան Լվով: Արժե ընդգծել, որ Լեհական թագավորություն էր գալիս անկախ Հայաստանում ձեռնարդված եպիսկոպոս` պետություն, որը տապալվեց միայն 12 տարի անց: Հետևաբար կարելի է համարել, որ Գրիգորի եպիսկոպոսական ձեռնադրությամբ սկզբնավորվել են անկախ Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները:

Կաթողիկոս Մեսրոպ Արտազեցին ձեռնադրել է Գրիգորին որպես արքեպիսկոպոս հայերի համար Լվովում, Վլադիմիրում և Լուցկում: Իր նշանակման հրովարտակում, թվարկելով Ռուսիայի այս երեք քաղաքները, թագավորը հաշվի չի առել այն, որ այդ երեքն այն ժամանակ գտնվում էին երկու պետությունների տարածքներում, այն է` Լվովը` Լեհական թագավորությունում, իսկ Վլադիմիրն ու Լուցկը` Լիտվայի Մեծ իշխանությունում: Կաթողիկոսի նշանակման հրովարտակը պահպանվել է մինչ օրս Վենետիկի ծոցի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում: Կաթողիկոսն այն հասցեագրում էր «հոգևորականներին, երեցներին, ընտանիքի հայրերին, առևտրականներին, արհեստավորներին, հողագործներին և հայկական ծագում ունեցող ողջ քրիստոնյա ժողովրդին»: Նա հայտնում էր, որ անհանգստացած է հայերի ճակատագրով, որ զօր ու գիշեր մտորում է «այլ ազգի քրիստոնյաների շրջապատում նրանց դիրքի մասին`զրկված լինելով հոգևոր առաջնորդից» և ի վերջո որոշել է ուղարկել նրանց եպիսկոպոս, «որպեսզի վնաս չկրեն անմարմին հրեշից»` այսինքն սատանայից:  Հետաքրքրական է հրովարտակի հաջորդ նախադասությունը, որը վկայում է Լվովի եկեղեցիներում տեղի ունեցող անհաշտության մասին: Կաթողիկոսը զգուշացնում էր Լվովի հայերին, որ վեհարանի կողմից լիազորություն չունեցող և նրանցից առաջ եղած կրոնավորները «իսկական հոգևոր հովիվներ չեն, այլ չարչիներ»: Նա նաև սահմանել էր եպիսկոպոսի պարտականությունները, որի մեջ մասնավորապես մտնում էր` քահանաների ձեռնադրումը, որբերի, այրիների և աղքատների նկատմամաբ հոգատարության ցուցաբերումը, կրոնական քարոզչությունը, օրինակ ծառայելը «ազնվության, արդարության, համբերատարության, համեստության կեցվածքով և նվիրվածությամբ` կաթողիկոսարանի մայրաքաղաքի հանդեպ»:

Հավանաբար, Մեսրոպ կաթողիկոսի հրովարտակն ընթերցվել է թագավոր Կազիմիրին` հաստատման խնդրանք ներկայացնելով, քանի որ այն վերաբերում էր Լեհական թագավորության տարածքին: Այսպիսով` 1367թ-ի հունվարի 20-ին թագավորը Լվովում տվեց հայերի եպիսկոպոս Գրիգորի համար արտոնությունը:

Հարկ է ուշադրություն դարձնել թագավորական արտոնության մեջ նկատելի երկու հարցերի: Առաջինն այն բացահայտ շեշտադրումն է, որ Լեհաստանի միապետը թույլատրում էր հայերի ազգային ինքնության մասին որոշող, կարևորագույն հաստատության`այսինքն  հայկական եկեղեցու անկաշկանդ գործունեությունը: Իր բոլոր պաշտոնյաներին թագավորը պարտավորեցնում էր աջակցություն ցուցաբերել եպիսկոպոսի գործունեությանը: Խոսքը չի վերաբերում պասիվ հանդուրժողականություն ցուցաբերելուն, այլ պետության ակտիվ քայլեր նախաձեռնելուն` խնամելու եկվորների հայկական ինքնությունը, պահպանելու հայկական կրոնը: Այդ փաստաթղթում հայերը վկայակոչվում են որպես միություն, որպես ինքնուրույն մշակույթ, պետության հավանությունը վայելող և ցանկալի Լեհաստանում: Սա էական տարբերություն է ի համեմատություն ռուսական ժամանակաշրջանի: Ռուսիայում տարածում գտած ուղղափառ կրոնը հայերին վերաբերվում էր որպես հերետիկոսների, որոնց պետք է վերացնել: Մինչդեռ Լեհաստանի թագավորը դրական է գրել հայերի առաքելական եկեղեցու հավատքի մասին` եպիսկոպոսին խորհուրդ տալով «ապրել և գործել սեփական իրավունքի և հավատքի ներքո, և օգտագործել դրանք ընդունված կարգով և ըստ հայերի սովորոթյան»: Այս ամենը գեղեցիկ վկայություն է Լեհաստանի բացության մասին` հեռավոր երկրից եկածների և հեռավոր մշակույթի  հանդեպ: Թեպետ հարկ է ընդգծել, որ այդ մշակույթը քրիստոնեական համատեղ ժառանգության սահմաններում է գտնվել:

Կազիմիրի փաստաթղթի երկրորդ կարևոր ուղերձը եպիսկոպոսի պարտավությունն էր պաշտոնավարելու Լվովում: Ինչպես արդեն նշել էի, կաթողիկոսի հրովարտակը վերաբերում էր Գրիգորի եպիսկոպոսական իրավասության տակ դրված երեք քաղաքներին: Ճիշտ է թագավոր Կազիմիր Մեծը բոլոր քաղաքների նկատմամբ իրավունք էր վերապահում, բայց միայն Լվովն էր իր աներկբա տիրապետության տակ: Նա ենթակա իրեն դարձրեց Վլոդիմիրը 1366թ-ին, բայց նրա իշխանությունն այնտեղ կայուն չէր: 1367թ-ին եպիսկոպոս Գրիգորին տրված փաստաթուղթը կապված է այդ քաղաքական իրավիճակի հետ. փաստաթղթով եպիսկոպոսին նստավայր է նշանակվում լեհական Լվովը` որպես Լեհական թագավորությունում հայ առաքելական եկեղեցու օրինական գործունեության պայման: Թագավորը չէր ցանկանում թույլատրել իր ենթակաների` այսինքն հայկական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ օտարերկրյա եպիսկոպոսի իրավասության տարածումը: Թագավորն իր պետության շահերն էր պաշտպանում: Նրա ցանկությունն էր պետության ներսում ունենալ հայերի, ովքեր հավատարիմ, նվիրված կլինեին Լեհական թագավորությանը: Կարող ենք նաև ենթադրել, որ, այդքան խիստ ընդգծելով հայ եպիսկոպոսի պաշտոնավարման պարտականությունը Լվովում, Կազիմիրը նպատակ ուներ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել Լվովի նկատմամբ հետագա հայ եկվորների համար:  Հայերին ավելի շատ էր գրավում այն քաղաքը, որտեղ կար հայ եպիսկոպոս, քան այն վայրերը, որոնք չէին կարող հպարտանալ նման առավելությամբ և նման ապացույցով, որ իրենք իրենց զգում են, ինչպես տանը:

Լվովում Գրիգորի պատմությունն այդուհանդերձ հանդարտ չէր: Ճիշտ է, լեհական պետության կողմից նա ուներ հետևողական աջակցություն: Ինչպես Կազիմիրը, ով մահացավ 1370թ-ին, այնպես էլ նրա հաջորդները` Լուդովիկոս Առաջին Մեծը, ինչես նաև նրա մայր, Կազիմիրի քույր Էլժբիետան աջակցում էին նրան: նրանցից երկուսն էլ տալիս էին Լվովի հայերին արտոնություններ` հիմք ընդունելով Կազիմիրի կողմից տրված առաջին դրույթները: Նպաստավոր պայմաններ էին ստեղծվել Լվովի հայկական եկեղեցու զարգացման համար` բարեհամբույր պետություն, ավելի ու ավելի մեծացող հայկական սփյուռք:

Սակայն, եպիսկոպոս Գրիգորի և Սիսում կաթողիկոսի հարաբերություններում գոյություն ուներ նաև մութ կողմ: Մեսրոպ կաթողիկոսի մահից հետո եպիսկոպոս Գրիգորը մեկնեց Սիս` Մեսրոպի հաջորդ, Լամբրոնեցի Կոնստանդին Հինգերորդից ստանալու իր նշանակման հաստատումը, որը տրվեց 1374թ-ին: Առիթից օգտվելով կաթողիկոսն ընդլայնեց նրա իշխանությունը Լիտվային պատկանող Կիևի նկատմամբ: Այդուհանդերձ, հայտնի չէ` ինչու հետադարձ ճանապարհին դեպի Լվով կաթողիկոսի սուրհանդակը հասնելով Գրիգորին հետ վերցրեց վերջինիս նշանակման հրովարտակը: Միայն Հայկական թագավորության իշխանների արագ միջամտությունից հետո` կաթողիկոսը փոխեց իր կարծիքն ու հետ վերադարձրեց փաստաթուղթը եպիսկոպոսին: Ոչ երկար ժամանակով. Լվով հասնելուց կարճ ժամանակ անց Գրիգորը ստացավ կաթողիկոսի հետկանչը:

Հետագա փաստաթղթերը կաթողիկոսարանի անբարեհաճությունը հիմնավորում եմ նրանով, որ եպիսկոպոս Գրիգորը կարող էր միջամտել այլ եպիսկոպոսարանների գործերին: Ինչո՞ւմն էր խնդիրը: Մերձակա տարածքում հայկական որևէ եպիսկոպոսարան չկար, իսկ Ղրիմը եկեղեցու տեսանկյունից վաղուց կայունություն էր ձեռք բերել, հետևաբար կասկածից դուրս է, որ Գրիգորը միջամտեր այնտեղի գործերին: Լվովի հարևան տարածքներում այդ ժամանակ մեծ նշանակություն էին սկսել ունենալ նոր հայկական սփյուռքի կենտրոնները` Կիևում, Կամենեց Պոդոլսկիում, Սերետում, Սուչավայում, այն է քաղաքներում, որոնք գտնվում էին Լիտվայի Մեծ իշխանությունում և Մոլդավիայի իշխանությունում: Միգուցե եպիսկոպոս Գրիգորը ցանկանում էր իր իշխանության տակ վերցնել դրանք: Միգուցե հենց կաթողիկոսարանի մայրաքաղաքում այլ ինտրիգներ էին տեղի ունենում: Աղբյուրների բացակայության պատճառով ի վիճակի չենք պարզել եպիսկոպոս Գրիգորի և կաթողիկոսի միջև ծագած կոնֆլիկտի համատեքստը: Սակայն մեկ բան հաստատ է: Լարվածության պատճառը Լվովում տիրող իրավիճակը չէր, որտեղ Գրիգորը վայելում էր տեղի հայերի աջակցությունը: 200 տարի անց կազմված «Լվովյան ժամանակագրություն» մատյանում, որը փոխանցում է հին ավանդույթները,  եպիսկոպոսը անվանվել է «Մեծ», ինչը կարելի է մեկնաբանել որպես հավատացյալների կողմից երախտագիտության նշան` նրա ներդրման համար կառուցելու տեղի հայկական եկեղեցին:

1379թ-ին Սիս ժամանեց Նասրեդինի որդի վանական Հովհաննեսը, ով, ինչպես նշվում է նշանակման փաստաթղթում, oծվեց «Ռուսինների և Վլախների ողջ երկրի» արքեպիսկոպոս: Դա նշանակում էր, որ կաթողիկոսը միավորել է մի քանի երկրների հայկական տարբեր ծխերը մեկ թեմի շուրջ: Վերջինիս կենտրոնը գտնվում էր Լվովում: Օծման ժամանակ նոր եպիսկոպոսը կաթողիկոսից, որպես  նվեր, ստացավ ձեռագիր գիրք, որում Ներսես Լամբրոնեցին գրառում էր կատարել: Այդ գիրքը ստեղծվել է Կիլիկիայի Մաշկևոր վանքում դարասկզբին: Գրքի վերջին էջում կարդում ենք, որ այն «մեծ ընծա է Ռուսինների  երկրի  համար Սիյոնի երեխաների լուսավորության համար: Ինչպես մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեծ ընծաներ Հովհաննեսի և Աթանագինեսի  մասունքները բերեց Հայաստան երկրի լուսավորության համար, այնպես էլ մեր եպիսկոպոս Հովհաննեսը սուրբ հոգու այս մատյանը  բերեց լուսավորելու և պարզելու Սուրբ Եկեղեցին»: Այսօր այդ մատյանը պահպանվում է Մատենադարաում:

1380թ-ի օգոստոսին  մահացավ Կոնստանֆդին կաթողիկոսը, իսկ մի քանի ամիս անց կաթողիկոս նշանակվեց Թեոդորոս II-ը: Հենց այդ ժամանակ էլ մահացան թագուհի Էլժբետան (1380թ.) և թագավոր Լյուդովիկոսը (1382թ.): Նոր կաթողիկոսը Գրիգորին  կանչեց իր մոտ, բայց վերջինս չհայտնվեց: Այսպիսով, Լվով մեկնեցին կաթողիկոսի երկու պատվիրակները: Երկու տարի  պահանջվեց կոնֆլիկտը լուծելու համար: Ի վերջո 1383թ-ի ապրիլին կաթողիկոսը Լվովի եպիսկոպոսարանում հաստատեց Նասրեդինի որդի Հովհաննեսի թեկնածությունը:  Նույն ժամանակահատվածում մոլդովացի քահանա Պիոտր Մուշատը համաձայնություն տվեց Լվովի արքեպիսկոպոսի իրավասության տակ հանձնել իր մոտի հայերին: Արքեպիսկոպոսությունն ընդարձակում էր իր սահմանները, բայց միաժամանակ ենթարկվում կրոնական տարանջատման: Հայկական Լվովը ուներ միմյանց հետ պայքարող երկու եպիսկոպոս:

Գրիգորին աջակցություն ցուցաբերեց պետությունն, այն է` Լեհական թագավորությունն իր նոր թագուհի Յադվիգայի` Լյուդովիկոսի դստեր գլխավորությամբ: Նրա ամուսինը` թագավոր Վլադիսլավ Յագելոն, Լվովի արքեպիսկոպոսությունում վերստին եպիսկոպոս հաստատեց Գրիգորին: Համապատասխան փաստաթուղթն այժմ գտնվում է Վարշավայում Լեհահայերի մշակույթի և Ժառանգության հիմնադրամում:

Այդ փաստաթուղթով ավարտվում են Լեհական թագավորությունում  հայկական եկեղեցու պատմության մեջ առաջին հակասությունները: Կաթողիկոսի պատվիրակը ի վիճակի չեղավ ընդդիմանալու միապետի կամքին և 1388թ-ի հուլիսին վերադարձավ Սիս: Իր հաշվետվությունը լսելուց  հետո  կաթողիկոսը ընդարձակ հրովարտակ  կազմեց` թվագրված նույն թվականի օգոստոսի 18-ին: Այնտեղ նկարագրում էր եպիսկոպոս Գրիգորի գործողությունները` որպես միջադեպեր, որոնք վիրավորում են կաթողիկոսի արժանապատվությունը: Լվովի եպիսկոպոսը պետք է պարտադրած լիներ առաջին պատվիրակի մեկնումը, նպաստեր մյուսի մահվանը,  իրեն վերցներ կաթողիկոսի նախորդ հրովարտակները և ամենակարևորը` իրեն պահեր  հավատացյալների կողմից Սիսի համար արված նվիրաբերությունները:

Սրանք դատարկ անեծքներ և բողոքներ էին: Ամեն ինչ վկայում է, որ Գրիգորը մնաց արքեպիսկոպոսությունում ցմահ: Չգիտենք հստակ` երբ է նա մահացել: Մեզ հասած նրա մասին վերջին տվյալներն արվել են  1389թ-ի հունվարի 13-ին թվագրված Լվովի բարեպաշտ Մարիայի կտակում:

Այսպիսինն է եպիսկոպոս Գրիգորի պատմությունը, ում 1367թ-ին լեհ միապետը վստահել է Լվովի  եպիսկոպոսի գահը:  Այս տարի մենք նշում ենք այդ իրադարձության 650-ամյակը:

Լեհերենից թարգմանեց՝ Մելինե Եղոյանը

dyplom 2 (1)

Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի հանդիպումը լեհահայ համայնքի ներկայացուցիչների հետ

2017 թվականի մարտի 29-ին Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում հատուկ ընդունելություն էր կազմակերպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար։ Հանդիպմանը մասնակցում էին Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայտնի հասարակական գործիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Ընդունելությունը նվիրված էր Կազիմիր Մեծ թագավորի կողմից լեհահայերին արտոնություն շնորհելու 650-ամյակին, որը պայմանականորեն կարելի է նաև համարել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման հոբելյանը։ Այս առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի հրամանի բնօրինակը, որով 1367 թվականի հունվարի 20-ին արտոնվել է Սիսի Կաթողիկոսի (Կիլիկիա) կողմից նշանակված Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս Գրիգորին Լվովում հիմնել նստավայր և ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:

Արարողությանը ծավալուն ելույթ ունեցան՝ ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, հայագետ պրոֆ. Քշիշտոֆ Ստոպկան, Լեհահայոց կաթողիկե եկեղեցու հարավային թեմի առաջնորդ ժողովրդապետ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը։
Հանդիպման ընթացքում Լեհաստանի նախագահը նվերներ ստացավ. դեսպան Ղազարյանը նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով, լեհահայ նկարիչ Գագիկ Պարսամյանը նվիրեց իր հեղինակած կտավը՝ Արարատ լեռան տեսարանով, Ռոմանա Օբրոցկան՝ հայկական երաժշտության ձայնասկավառակ, Լեհահայոց մշակույթի և ժառանագության հիմնադրամը՝ «Հայոց Վարշավան» գիրք-ալբոմը։

Հանդիպման ընթացքում հնչեցին հայ ժողովրդական երգեր Կալիշի «Cantate Deo» երգչախմբի կատարմամբ՝ Կատաժինա Կուբերի ղեկավարությամբ։

17553509_588188924711578_942396461483502555_n 17554468_588188964711574_777499176294545639_n 17457956_1918822731681884_6465805032945923820_n 17554565_1918822425015248_1073720657458434757_n 17361638_588188921378245_5519250328847672979_n 17634448_588188928044911_5166490273539324377_n 17498510_1918821901681967_3824744299414380168_n dwnld570770812

Ռադիո Կրակովի անդրադարձը Վարդավառի տոնին

Այս տարվա հուլիսի 2-ին Լեհաստանում առաջին անգամ հին ու նոր էմիգրացիայի հայերը միասին հավաքվել էին Դոլինա Բենդկովսկայում՝ նշելու Վարդավառի տոնը՝ իսկական ջրուկիով, հայկական գինիով ու ավանդական խորովածով։

Հյուրերի թվում էր նաև Ռադիո Կրակովի լրագրողուհի Աննա Լոսը, ում պատրաստած անչափ հետաքրքիր ռեպորտաժը կարող եք լսել անցնելով հետևյալ հղումով՝

Wardawar, czyli Ormianie świętują
www.radiokrakow.pl/audycje/na-wschod-od-zachodu/wardawar-czyli-ormianie-swietuja-47250

Հռոմի Պապը Հայաստանում է

Հարգելիներ,

սթ հունիսի 26-ին լեհական TVP հեռուստաընկերության «Երկնքի և երկրի միջև» ծրագրում հանդես են եկել մեր ընկերության երկու անդամները՝ դ-ր Յակուբ Օշիեցկին և դ-ր Հայկ Հովհաննիսյանը։ Այդ ծրագրին մասնակցում էր նաև Մաչեյ Բոհոսևիչը, ով «Հայկական հիմնադրամ» անվանումով կազմակերպությունը սխալմամբ ներկայացրեց որպես լեհահայերի մշակույթի և ժառանգության խնամակալ և պահապան։ Պարոն Բոհոսևիչի կողմից ներկայացված նմուշները լեհահայոց ժառանգության թվին չեն պատկանում։ Լեհահայերի թողած ժառանգության իսկական նմուշները պահպանվում են և հարկ եղած դեպքում հետազոտողներին են ներկայացվում «Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամ» անվանումով կազմակերպության կողմից (http://dziedzictwo.ormianie.pl

Վերոհիշյալ ծրագիրը կարող եք դիտել TVP հեռուստաընկերության կայքում՝

http://vod.tvp.pl/25725017/26062016

Վարդավառ – ֆոտոռեպորտաժ

Հայ մշակութային ընկերության հովանավորությամբ 2016 թվականի հուլիսի 2-ին հարյուրից ավելի լեհահայեր նշեցին Վարդավառի տոնը։ Հյուրեր կային  ամբողջ Լեհաստանի տարածքից։ Միջոցառումն անչափ հետաքրիր էր, իսկ ուտեստները՝ շատ համեղ։ Ինչպես վայել է իսկական հայկական հավաքույթին՝ հնչեցին կենացներ, եղան անակնկալներ՝ դուդուկ, երգ ու պար։ Հավաքվածները սրտանց շնորհակալություն հայտնեցին Հայկ Հովհաննիսյանին հաջողված միջոցառում կազմակերպելու համար, իսկ Հայ մշակութային ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ Վարդավառի տոնը Կրակովում նշվելու է ամեն տարի։

 

Կրակովյան Վարդավառի մասին հիանալի ֆոտոռեպորտաժ է տեղադրված Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կայքում՝

http://dziedzictwo.ormianie.pl/Wardawar_w_Dolinie_Bedkowskiej_pod_Krakowem