«Լեհաhայեր. յոթհարյուրամյա ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Լեհաստանի Սենատում

2017 թ. սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել «Լեհաhայեր. յոթհարյուրամյա ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Գիտաժողովը կազմակերպվել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի Արվեստի և գիտության ակադեմիայի կողմից` Կրակովի Հայ մշակութային ընկերակցության նախաձեռնությամբ:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկան և Անդժեյ Ժիեմբան, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Ցեզարի Աննուսևիչը պարգևատրվել են «Gloria Artis» պետական հեղինակավոր շքանշաններով:
Ի թիվս այլոց գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև Հայ մշակութային ընկերության անդամներ դ-ր Յակուբ Օշեցկին և մգր Հռիփսիմե Մամիկոնյանը։

Կրակովում լեհահայ Մարկ Էմինովիչի անվամբ փողոց կլինի

Հայ մշակութային ընկերության ներկայացուցիչները` Քշիշտոֆ Ստեֆանովիչը, դ-ր հաբ. Անջեյ Ժիեմբան և դ-ր Հայկ Հովհաննիսյանը 2017 թ. օգոստոսի 30-ին մասնակցել են Կրակովի ավագանիների ժողովին, որտեղ պետք է քննվեր նաև Կրակովի փողոցներից մեկը լեգենդար մանկավարժ լեհահայ Մարկ Էմինովիչի անվամբ կոչելու հարցը։ Նման առաջարկ ներկայացվել էր Կրակովի քաղաքապետին հենց ՀՄԸ ղեկավարության կողմից։ ՀՄԸ ներկայացուցիչների գործադրած ջանքերի շնորհիվ 37:6 ձայների մեծամասնությամբ ընդունվել է այդ առաջարկը` ի հեճուկս դեմ հանդես եկողների։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հայագետ Անջեյ Ժիեմբային։

Հայկական ՎԱՐԴԱՎԱՌ Կրակովում (2017) – ՖՈՏՈԱԼԲՈՄ

2017 թ. հուլիսի 23-ին Կրակովից քիչ հեռու գտնվող Բրանդիսուվկա հանգստյան գոտում Հայ Մշակութային Ընկերության հովանավորությամբ և Հայկ Հովհաննիսյանի նախապատրաստական աշխատանքների շնորհիվ լեհահայ համայնքը տոնեց Վարդավառը:

Այս անգամ էլ մասնակիցների թիվը սպասվածից շատ ավելին էր։ Ներկա էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ կնոջ և աղջկա հետ։ Հյուրերի տրամադրության տակ էին 2 մեծ տաղավարներ, ճաշին մատուցվեց հայկական ավանդական խորոված, ամառային խորոված, լավաշ, գաթա և այլ խորտիկներ։ Այնուհետև, ներկաները պարեցին քոչարի, յարխուշտա և այլ հայկական ազգային պարեր, Դավիթ և Անրի Մուրադյանները միասին երգեցին հայկական ժողովրդական երգեր, Դոմբրովա Գուրնիչայից եկած հայուհի Նելլին շվի նվագեց, լեհուհի Զոֆիան՝ դուդուկ, իսկ Հռիփսիմե Մամիկոնյանը կազմակերպեց «աղջիկ փախցնոցի» և «գործնագործ» խաղերը, որոնց մասնակցեցին թե՛ փոքրերը, թե՛ մեծերը։

Երեկոյան խարույկից հետո մասնակիցները մեծ տպավորություններով վերադարձան իրենց տները՝ եկող տարվա Վարդավառի տոնը կրկին միասին նշելու պայմանավորվածությամբ։