Հայաստանին նվիրված քննարկում Կրակովի Յագելոնյան համալսարանում

2016 թվականի մարտի 19-ին Կրակովի Յագելոնյան համալսարանում Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, Լեհաստանի Արվեստի և գիտության ակադեմիայի Արևելաեվրոպական հանձնաժողովը և Հայ մշակութային ընկերությունը «Լեհահայեր» հանդեսի խմբագրական կազմի նախաձեռնությամբ կազմակերպել էին քննարկում «Խոսենք Հայաստանի մասին» հանդիպումների շրջանակներում: Հանդիպման հիմնական բանախոսը Վարշավայի Արևելյան հետազոտությունների կենտրոնի (OSW) Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փորձագետ Մաչեյ Ֆալկովսկին էր, որը ներկայացրեց զեկույց` «Զարգացման աջակցություն Հայաստանին. խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով։ Իր ելույթում նա ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի ներքին կյանքի զարգացումների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինպես նաև անդրադարձ կատարեց հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանի կողմից Հայաստանում վերջին տարիներին իրականացված օգնության ծրագրերին: Միջոցառմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդգար Ղազարյանը: