Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի հանդիպումը լեհահայ համայնքի ներկայացուցիչների հետ
2017 թվականի մարտի 29-ին Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում հատուկ ընդունելություն էր կազմակերպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար։ Հանդիպմանը մասնակցում էին Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայտնի հասարակական գործիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Ընդունելությունը նվիրված էր Կազիմիր Մեծ թագավորի կողմից լեհահայերին արտոնություն շնորհելու 650-ամյակին, որը պայմանականորեն կարելի է նաև համարել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման հոբելյանը։ Այս առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի հրամանի բնօրինակը, որով 1367 թվականի հունվարի 20-ին արտոնվել է Սիսի Կաթողիկոսի (Կիլիկիա) կողմից նշանակված Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս Գրիգորին Լվովում հիմնել նստավայր և ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:
Արարողությանը ծավալուն ելույթ ունեցան՝ ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, հայագետ պրոֆ. Քշիշտոֆ Ստոպկան, Լեհահայոց կաթողիկե եկեղեցու հարավային թեմի առաջնորդ ժողովրդապետ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը։
Հանդիպման ընթացքում Լեհաստանի նախագահը նվերներ ստացավ. դեսպան Ղազարյանը նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով, լեհահայ նկարիչ Գագիկ Պարսամյանը նվիրեց իր հեղինակած կտավը՝ Արարատ լեռան տեսարանով, Ռոմանա Օբրոցկան՝ հայկական երաժշտության ձայնասկավառակ, Լեհահայոց մշակույթի և ժառանագության հիմնադրամը՝ «Հայոց Վարշավան» գիրք-ալբոմը։
Հանդիպման ընթացքում հնչեցին հայ ժողովրդական երգեր Կալիշի «Cantate Deo» երգչախմբի կատարմամբ՝ Կատաժինա Կուբերի ղեկավարությամբ։